Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ. Արցախի պետնախարար

Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի  Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

«Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:  

Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:  

Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:  

Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»,- գրել է Ներսիսյանը։ 

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։  

 

Պատահարներ