Գերմանիան զանգվածաբար արտաքսել է երկրում գործող ռուսաստանցի դիվանագետներին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման լուրը։ Այդ մասին հայտնել է գերմանական n-tv հեռուստաընկերությունը՝ հղում անելով գերատեսչությանը։

 

«Իրավամբ, վերջին շաբաթներին դաշնային կառավարությունը բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ արտասահմանի համապատասխան ներկայացուցչություններում դրանց ներկայության (խոսքը ռուսական հետախուզության մասին է-խմբ.) վերաբերյալ՝ Գերմանիայում դրա կրճատման նպատակով»,- հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում։

 

Գերատեսչության աշխատակիցները հավելել են, որ ռուսական դեսպանության աշխատակիցների վերջին մեկնումը կապված է եղել դրա հետ։ Դիվանագետները եղել են ռուսական հատուկ ինքնաթիռում (ռուսական կառավարական Ил 96-300 ինքնաթիռ-խմբ.), որը Մոսկվայից Բեռլին էր մեկնել շաբաթ օրը։ N-tv-ն նշում է, որ ինքնաթիռը Մոսկվայի Վնուկովո օդանավակայան է վերադարձել օրվա երկրորդ կեսին։

 

Deutsche Presse-Agentur-ին գերմանական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռն ունեցել է այսպես կոչված դիվանագիտական թույլտվություն։ Նա որևէ մանրամասնություն չի ներկայացրել բեռի կամ ուղևորների վերաբերյալ։

 

Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Գերմանիան «որոշել է զանգվածաբար արտաքսել» այդ երկրում գործող ռուսաստանցի դիվանագետներին։ Ի պատասխան, ռուսական կողմը որոշել է ևս արտաքսել գերմանացի դիվանագետներին, ինչպես նաև էականորեն կրճատել ՌԴ-ում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների առավելագույն թիվը։ Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը դեռ ապրիլի 5-ին ծանուցվել էր ռուսական կողմի որոշման մասին։

 

 

Պատահարներ