«Իրադրությունն իսկապես բարդ է». Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին

Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ: Ընդ որում Բաքուն և Երևանը պետք է հասկանան կարգավորման եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անայլընտրանքայնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ իր ստորաբաժանումները սահմանային անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի միջանցքի ճանապարհի սկզբնամասում, որը տանում է դեպի Ստեփանակերտ: Բաքվում անցակետի հայտնվելը բացատրել են հայկական կողմից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի ոչ իրավաչափ օգտագործմամբ և անվտանգության սպառնալիքներով: Ադրբեջանի սահմանապահները նշել են, որ այս փաստի մասին տեղեկացված են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: ՀՀ ԱԳՆ-ն անցակետի սահմանումը որակել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Ի պատասխան՝ Բաքվում անցակետի հաստատումը լեգիտիմ քայլ են անվանել։

 

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, հիմնականում ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Ռուսաստանը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ և Երևանի, և Բաքվի հետ միասին: Շփումները մենք շարունակում ենք, իրադրությունն իսկապես բարդ է, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, իսկ գլխավորը՝ պահանջում է նշված երկրների կողմից հասկանալ նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք խոսել Ռուսաստանի ՝ որպես այդ իրադարձության կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության միջնորդի ձախողման մասին:

 

Նա նաև ընդգծել է, որ միջնորդական աշխատանքը շարունակվելու է։


«Մենք աշխատանք ենք տանում մայրաքաղաքների, եւ Երեւանի, եւ Բաքվի հետ։ Եվ կշարունակենք այդ աշխատանքը», - պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանն այս իրավիճակում ։

Պատահարներ