Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության. Ռուբեն Վարդանյան

«Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը»: Այս մասին ասել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների առցանց հարցազրույցի ժամանակ: 

 

«Մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքի համար, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: 

 

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքնման հնարավորության մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է. 

 

«Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը: Ինչպես կարելի է իրական և երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր պատկերացնել մի իրավիճակում, երբ մի կողմը կարծում է, որ հաղթողի իրավունքով պետք է բոլոր հնարավոր միջոցներով զիջումներ կորզել մյուս կողմից, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը արհամարհում է միջազգային բոլոր կառույցների և դատարանների որոշումները»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:

 

Քաղաքականություն