ՀՅԴ-ի «թեթև ձեռքով» Մակրոնն էլ չի լինելու բանակցային սեղանի շուրջը. Գևորգ Պապոյան

Բանակցությունների հարցում ամենահավասարակշռված դիրքորոշումն ունի Ֆրանսիան, սակայն Դաշնակցության «թեթև ձեռքով» ֆրանսիայի դերակատարումը բանակցություններում դելեգիտիմացվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

 

«Շատ դժվար է լինելու Ֆրանսիային բերել բանակցային սեղան, որովհետեւ ասելու են՝ դուք ասում էիք, որ Ֆրանսիայի նախագահը նման բան է ասել: Ընդ որում, կարեւոր չէ, որ այդպիսի բան չի ասել, բայց ՀՅԴ-ն նենց պաս է տվել Ադրբեջանին, որ դրանով այդ սեղանի շուրջ էլ Մակրոնը չի լինելու:

Այս միջազգային սկանդալը ստեղծել ենք մենք, Ադրբեջանին «պաս» տալով, և Ադրբեջանը դրանից շահել է: Շարունակեք Ադրբեջանին տալ «պասեր», ես սա ասում եմ այն մարդկանց, ովքեր ստորագրահավաքներ են անում: Ադրբեջանը հաճույքով կօգտվի»,- ասաց Պապոյանը:

 

Պապոյանը նաև շեշտեց, որ Մակրոնի դուրս գալը կարող է բերել հարթակի չլինելիության, ինչը «ձեռք է տալիս»Ադրբեջանին։

 

«Այս ամենը կա՛մ անմեղսունակություն է, կա՛մ դավաճանություն պետությանը, հայրենիքին ու ժողովրդին։ Հիմա թող իրենք որոշեն՝ իրենք անմեղսունա՞կ են, թե՞ դավաճան»,- ասաց պատգամավորը ։

 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել էր Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝  Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին և ասել․

 

«Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։

 

Մակրոնն էլ հայտարարել էր, որ ինքն Ադրբեջանի նախագայի՝ Իլհամ Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել և կբանեցնի, քան Նիկոլ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Քաղաքականություն