Առևանգված 3 ուսանողների և Վագիֆ Խաչատրյանի հարցը ԿԽՄԿ–ի ուշադրության կենտրոնում է

Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից առևանգված 3 ուսանողների հարցը ԿԽՄԿ–ի ուշադրության կենտրոնում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

«Մենք այս մասին կարող ենք ավելի ուշ խոսել, բայց հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,– նշել է Ամատունին։

 

Անդրադառնալով հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարցին` Ամատունին նշեց` սա ևս իրենց ուշադրության կենտրոնում է։

 

«Տեսակցել ենք մի քանի անգամ, վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի 14-ին»,– հայտնել է Ամատունին։

 

Ամատունու խոսքով` Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցում ևս այս պահին առաջընթաց չկա, որի մասին կկարողանան խոսել, սակայն այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

 

Հիշեցնենք` հուլիսի 29-ին անհետաձգելի բուժօգնության համար Արցախից Հայաստան ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվելիս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին։

 

Օգոստոսի 28–ին էլ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։

 

Օգոստոսի 14-ին Գյումրի–Երևան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանն էլ ծնունդով Արցախի Ճարտար գյուղից է։ Նրա աճյունը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել, աղջկա մարմինը Գորիսի դիահերձարանում է։

Քաղաքականություն

Պատահարներ