Հացը կթանկանա՞. պարզաբանում է Բաբկեն Պիպոյանը
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS am-ին ներկայացրել է հացի գնի շուկայում իր կողմից կատարված ուսումնասիրությունը. «Հացի շուկայում գնային փոփոխություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է ասեմ, որ միջինացում անելը բարդ է, քանի որ տարբեր հացեր տարբեր գնային չափով են փոխվել: Կան հացի տեսակներ, որ թանկացել են մինչև 10 %, կան հացի տեսակներ, որ թանկացել են 3 %-ով, կան, որոնք թվացյալ չեն թանկացել: Ըստ էության, կա կշռելու մեթոդաբանություն, և իրավունք չկա մեկ հաց դնել կշեռքին և ասել, որ այն պիտի կշռի 180 գրամ. պետք է վերցնել 10 հաց և դրանք միասին լինեն 2 կգ. որ մեկը ավել կամ պակաս կլինի, դա էական չէ»: Փորձագետի խոսքով՝ հացի շուկան ունի այն յուրահատկությունը, որ կա փաթեթավորված և չփաթեթավորված հաց և այդ դեպքում, եթե, օրինակ` 250 գրամ կշռող հացը, ընդամենը 20 գրամով ավելի թեթև դառնա, դա ինքնին կենթադրի 9% գնաճ, սակայն լավագույն ցուցիչը լավաշն է, հատկապես չորը. «Թաց լավաշը կարող են ավելի թանկ վաճառել, քանի որ ջուր են վաճառում, իսկ չոր լավաշի շուկայում տատանվել է մինչև 4,5%, իսկ թաց լավաշ կա, որ չի թանկացել կամ էլ թանկացել է 2-3%-ով»: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ թանկացում չի կարող չլինել, և գնի մինչև 5% թանկացումը համարվում է նորմալ, սակայն տարին նոր է սկսվել, և պետք է հասկանալ` կխորանա՞ այդ ամենը, թե՞ ոչ:

Քաղաքականություն