ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը կտրվի ռուսներին. ՀԺ
Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը քայքայվել է: «Հայկական Ժամանակ»-ը նկատում է, որ շինությունը վերականգնելու ծրագրեր Մշակույթի նախարարությունում եղել են, սակայն բոլորն էլ մնացել են թղթի վրա: «Այն, որ շենքում քարաթափումներ են, բնական է, քանի որ եթե շենքը չի օգտագործվում, ապա ավերակի է վերածվում: Հուշարձանի պահպանման լավագույն տարբերակը օգտագործման հանձնելն է: Ես մի քանի անգամ այցելել եմ շենք վերջին ամիսների ընթացքում եւ ասեմ, որ հնարավոր է այն վերականգնել: Ուղղակի փայտից պատշգամբը փտել է արդեն, եւ պոկվում է: Մենք ունենք շատ փոքր բյուջե, ընդամենը 250 մլն դրամ, որը նախատեսված է ամբողջ հուշարձանների համար, իսկ մենք ունենք մոտ 25.000 հուշարձան: Գումարը շատ քիչ է, եթե պատկերացնենք, որ էս շենքի վերականգնման համար 1 մլն եվրո է պետք, իսկ մենք դրա կեսն ունենք ամբողջ հուշարձանների համար: Փորձում ենք գումարն անհետաձգելի հուշարձանների վրա ծախսել, այսինքն այն հուշարձանների, որոնք եթե չվերականգնենք, կոչնչանան: Միայն բալկոնը վերականգնելու առաջարկ կար, բայց մեկ տարի հետո նույն պատմությունը կլինի, այսինքն պետք է հիմնական լուծում տրվի խնդրին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:Փոխնախարարը նաեւ տեղյակ պահեց, որ շենքի հետագա ճակատագիրն ուղղակիորեն կապված է ռուսների հետ: «2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»: Մանրամասներըՙ Armtimes. com-ում:

Քաղաքականություն