Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ. հայտնի է պատճառը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի ժամանակ առաջարկել է հայ գործընկերներին հրավիրել, որպեսզի խոսեն Հայաստանում նոր ատոմակայանի արտադրողականության գնի մասին:

 

Այսպես է նա արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ «Ռոսատոմը» առաջարկում է միայն 1200 մեգավատտ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր: «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ ընկերությունը կարող է և՛ 600 մեգավատտ անել, և՛ 400, բայց դրանք կլինեն առաջատար նախագծեր և մի փոքր ավելի թանկ:

 

«Ալեքսեյ (Լիխաչով), այսօրվա դրությամբ ուրեմն պետք է քննարկենք գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել, դա առաջնահերթ է։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», - ասել է ՌԴ վարչապետը։

 

Բացի այդ, նա պատվիրակությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԱԷԿ-ի կառուցման նախագծերի իրականացման գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխատանքներին կարող են մասնակցել այն երկրների գիտնականներն ու տեխնոլոգիաները, որոնց տեխնոլոգիաներ է առաջարկում «Ռոսատոմը»:

 

«Տեսեք, թե որտեղ եք հնարավոր համարում ձեր արդյունաբերական, շինարարական հնարավորություններով մասնակցությունը», - ասել է Միշուստինը:

Նա «Ռոսատոմի» ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրների գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորության, որը կարող է կառուցել ընկերությունը:

 

Նշենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի տաղավարում ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհում ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի՝ ռուս-բելառուսական ԱԷԿ-ի համատեղ նախագծի մասին:

 

«Սա համաշխարհային բեսթսելլեր է, 1200 մեգավատտ հզորությամբ երկու բլոկ», - ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը: Այս պահին Բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը փորձարկումներ է անցնում։

 

Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվեց 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ.–ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին, մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։

 

Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար (մինչև 2036 թ.):

Քաղաքականություն

Պատահարներ