Էրդողանը «երախտագիտության այցեր» կկատարի Թուրքիայի մարզեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը սկսում է շրջագայությունը երկրի շրջաններում, առաջին կանգառը կլինեն երկրի հյուսիս-արևելքում գտնվող գավառները: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ 

 

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից հետո սկսում է իր «երախտագիտության այցերը» երկրի մարզեր։ Շաբաթ օրը Էրդողանն առաջին անգամ կայցելի Բայբուրթ և Գյումուշխանե, որտեղ ռեկորդային թվով ձայներ է ստացել մայիսի 14-ի և 28-ի ընտրություններում»,- ասված է հրապարակման մեջ։


Սպասվում է, որ Էրդողանը Բայբուրթում հանդիսավոր կերպով կբացի մի շարք հանրային նշանակության շենքեր:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14-ին, թեկնածուներից ոչ մեկը չէր կարողացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակ հավաքել: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 28-ին, ձայների 52,18%-ով հաղթեց գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Քաղաքականություն