Քաղաքապետարանը՝ տեսախցիկների միջոցով ապօրինի տիրապետում է քաղաքացիների անձնական տվյալներին․ FIP

Հուլիսի 3-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր հասարակական տրանսպորտով։ Տեսանյութը վերցված էր ավտոբուսներում տեղադրված անվտանգության տեսախցիկներից․ այն իր ֆեյսբուքյան էջում վերբեռնել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։   

«Փաստերի ստուգման հարթակը» գրել էր, որ տեսանյութի արտահոսքն ապօրինի է, քանի որ այդպիսի տեսանյութերը հրապարակման ենթակա չեն և տեղադրված են ավտոբուսի սրահում անվտանգության, ինչպես նաև վարորդների կարգապահության վերահսկման նպատակով: 

Փաստերի ստուգման կենտրոնի հրապարակման հիման վրա Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հարուցել է վարչական վարույթ՝ Երևան քաղաքի հանրային տրանսպորտում իրականացվող տեսահսկման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին ստուգելու համար։ 

Վարույթի արդյունքում պարզվել է, որ Գործակալությունը դեռևս 2021 թվականին Երևանի քաղաքապետարանից պահանջել է կասեցնել երթուղային ավտոբուսների տեսանկարահանումը, մինչև անհրաժեշտ իրավական հիմքերի և կարգավորումների ապահովումը, սակայն քաղաքապետարանը մինչև օրս շարունակում է տեսանկարահանում իրականացնել։ 

Այս վարույթի շրջանակում հուլիսի 23-ին իրականացվել են վարչական լսումներ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, որոնք պարզաբանումներ են տվել։ 

Վարույթի արդյունքում Գործակալությունը եկել է այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մինչև օրս իրականացվող տեսահսկումն ապօրինի է։ Առկա չէ խնդրի առարկա տեսանյութերի հրապարակման իրավական հիմք, սակայն փաստացի տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային տրանսպորտում իրականացված տեսաձայնագրության (տեսանյութի) հրապարակում, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանի կողմից անձնական տվյալների մշակումը խնդրահարույց է ոչ միայն օրինականության, այլ նաև անվտանգության ապահովման կանոնների տեսանկյունից: 

Արդյունքում, Գործակալությունը որոշել է արգելել Երևանի քաղաքապետարանին շարունակել տեսահսկման իրականացումը, մինչև այն կհամապատասխանեցվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ չնայած Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զգուշացմանը՝ Երևանի քաղաքապետարանը մինչև օրս ապօրինի կերպով զբաղվում է ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների միջոցով քաղաքացիների անձնական տվյալների մշակմամբ, ինչպես նաև թույլ է տալիս այդ տվյալների արտահոսքը։ 

Եվ քանի որ չկան տեսանյութի հրապարակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը՝ դրա տարածումն ապօրինի է, հետևաբար, մի շարք լրատվամիջոցներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, խախտել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ հրապարակելով այդ տեսագրությունը

Քաղաքականություն

Պատահարներ